Մխիթար Սեբաստացի
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, ուսումնական հաստատություն Երևանում։ Իրականացնում է ամբողջական միջնակարգ (նախակրթական, հանրակրթական, ավագ), արհեստագործական, միջին մասնագիտական և լրացուցիչ կրթական ծրագրեր։ Հիմնվել է 1989 թվականին այն ժամանակ Խորհրդային ՀայաստանիԿրթության և գիտության նախարարության կողմից և կրում է Մխիթար Սեբաստացու անունը
Կրթահամալիրն իրականացնում է պետական այլընտրանքային (հեղինակային) կրթական ծրագիր, որի ընթացքում կարևորվում է սովորողի և ուսուցչի համատեղ ստեղծական աշխատանքը։ ՏՏ-ները և օտար լեզուները գործածվում են առաջին դասարանից։ Սովորողի նախասիրությունը ուսումնական պլանով որոշված գործունեություն է, որն իրականացվում է լաբորատոր-մասնագիտական միջավայրում։
Կրթահամալիրում գործում են բազմաթիվ ակումբներ, որոնցից են Գիտակների ակումբը, Անգլախոսների ակումբը, Հայրենագիտական ակումբը, Տիեզերք ակումբը, Էկոլոգների ակումբը, Բուսաբանների ակումբը, Երիտասարդ քիմիկոսների ակումբը, TV ակումբը և այլն։
Մխիթարյան Միաբանություն
Մխիթարյան միաբանություն (Մխիթարյաններ), հայ կրոնական և մշակութային կազմակերպություն, հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է 1701 թվականի սեպտեմբերի 8-ին, Կ. Պոլիսում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։
Մխիթար Աբբահայրը՝ Սեբաստացին ծնվել է 1676 թվականի փետրվարի 7-ին՝ Սեբաստիա քաղաքում, երբ Հայաստանի մեծ մասը և ժողովուրդը դժվարին օրեր էր ապրում: Ուսումը ստացել է Սեբաստիայի Սուրբ Նշան վանքում: 1690-ականներին անցնում է Էջմիածնի, ապա Սևանի և Կարինի Հնձուց վանքերը: 1693 թվականին ուսման նպատակով Մխիթարը մեկնում է Հալեպ, իսկ 1696 թվականի մայիսի 17-ին օծվում որպես քահանա: Մխիթարն իր շուրջ հավաքում է մի խումբ հայ երիտասարդների և որոշում հիմնել միաբանություն։ Մխիթարը Կ. Պոլսի վարդապետ Խաչատուր Առաքելյանին խնդրում է ստանձնել ապագա միաբանության առաջնորդի պաշտոնը, սակայն Խաչատուրը մերժում է այդ առաջարկը։ Այնուհետև Մխիթար Սեբաստացին գնում է Կարմիր վանք, ուր սկսում է զբաղվել դպիրների կրթության գործով։ 1699 թվականին Կարմիր վանքում Մխիթարին շնորհվում է վարդապետի աստիճան։ Շուտով Մխիթարն ընդունում է կաթոլիկ դավանանքը, բայց և պահպանում իր ազգային առանձնահատկությունները։