Կետադրել տեքստը։ Մարտի 7

ա) Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով և դրանցից, որն
էլ պատահել է, փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր` տարիներ առաջ`
ճահճային թռչունների որսի ժամանակ, մի կրիա գտա և բերեցի տուն: Տանը`
պատշգամբի մի անկյունում, նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն` բերելով
խոտեր, ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները, բայց երբ համոզվում են, որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում, պատյանից դուրս են հանում
գլուխն ու ոտքերը և քայլում` դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ
ընտելանալուց հետո, նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր
կենդանիներ են դրանք, շաբաթներով կարող են ոչինչ չուտել, բայց շատ հեշտ են
դիմանում, որովհետև շարժումներ քիչ են անում, և էներգիա քիչ է ծախսվում: Ժողովրդական մի հինավուրց ավանդություն կրիայի դանդաղաշարժությունը բացատրում է նրանով, որ ուր էլ լինի կրիան, իր տան մեջ է, ուստի չի շտապում:

Ընտանիքի անդամների իրավունքներւ ու պարտականությունները

Երեխաների իրավունքները ընտանիքում
Երեխայի իրավունքը՝
ընտանիքում ապրելու և դաստիարակվելու
ծնողների և այլ ազգականների հետ շփվելու

Հոդված 41.

Ընտանիքում ապրելու ու դաստիարակվելու երեխայի իրավունքը

1. Երեխա է համարվում տասնութ տարին չլրացած անձը։

2. Յուրաքանչյուր երեխա ունի ընտանիքում ապրելու և դաստիարակվելու, իր ծնողներին ճանաչելու, նրանց հոգատարությանն արժանանալու (որքան դա հնարավոր է), նրանց հետ համատեղ ապրելու իրավունք, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է հակասել երեխայի շահերին։

Երեխան ունի նաև իր ծնողներից դաստիարակություն ստանալու, նրա շահերի ապահովության, համակողմանի զարգացման, նրա մարդկային արժանապատվությունը հարգելու, ինչպես նաև ֆիզիկական, մտավոր, հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունք։

Ծնողների բացակայության, նրանց ծնողական իրավունքներից զրկված լինելու և ծնողական հոգատարությունից զրկվելու այլ դեպքերում ընտանիքում դաստիարակվելու երեխայի իրավունքն ապահովում է խնամակալության և հոգաբարձության մարմինը՝ սույն օրենսգրքի 17-րդ գլխի նորմերով սահմանված կարգով։

(41-րդ հոդվածը խմբ. 08.02.11 ՀՕ-46-Ն)



Հոդված 42.

Ծնողների և այլ ազգականների հետ շփվելու երեխայի իրավունքը
1. Երեխան ունի իր ծնողների, պապերի և տատերի, եղբայրների, քույրերի, ինչպես նաև այլ ազգականների հետ շփվելու իրավունք։ Ծնողների ամուսնության դադարեցումը, այն անվավեր ճանաչվելը կամ նրանց առանձին ապրելը չեն ազդում երեխայի իրավունքների վրա։

Ծնողների առանձին (ընդ որում՝ տարբեր պետություններում) ապրելու դեպքում երեխան նրանցից յուրաքանչյուրի հետ շփվելու իրավունք ունի։
2. Արտակարգ իրադրության մեջ գտնվող (ձերբակալված, կալանավորված, բժշկական կազմակերպությունում գտնվելու և այլ դեպքերում) երեխան իր ծնողների և մերձավոր ազգականների, ինչպես նաև արտակարգ իրադրության մեջ գտնվող ծնողն իր երեխայի հետ շփվելու իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով։


Երեխայի պաշտպանության իրավունքը

Հոդված 43.

Երեխայի պաշտպանության իրավունքը
1. Երեխան ունի իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության իրավունք։

Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնում են ծնողները (օրինական ներկայացուցիչները), իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ խնամակալության և հոգաբարձության մարմինը։

Օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ ճանաչված անչափահասն իր իրավունքները (ընդ որում՝ պաշտպանության իրավունքը) և պարտականությունները ինքնուրույն իրականացնելու իրավունք ունի։

2. Երեխան ունի իր ծնողների (օրինական ներկայացուցիչների) չարաշահումներից պաշտպանվելու իրավունք։

Երեխայի իրավունքների և շահերի խախտման դեպքում (ընդ որում՝ ծնողների կամ նրանցից մեկի կողմից երեխային դաստիարակելու, կրթության տալու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կամ ծնողական իրավունքները չարաշահելու դեպքերում), երեխան իրավունք ունի պաշտպանության համար ինքնուրույն դիմելու խնամակալության և հոգաբարձության մարմին:

3. Պաշտոնատար անձինք և այլ քաղաքացիներ, որոնց հայտնի են դարձել երեխայի կյանքին և առողջությանը սպառնալու, նրա իրավունքների և շահերի խախտումների դեպքեր, այդ մասին պետք է հայտնեն երեխայի փաստացի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին: Նման տեղեկություններ ստանալուն պես խնամակալության և հոգաբարձության մարմինը պետք է ձեռնարկի երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության անհրաժեշտ միջոցներ։


Սեփական կարծիքն արտահայտելու իրավունքը

Հոդված 44.

Սեփական կարծիքն արտահայտելու երեխայի իրավունքը
1. Երեխան իրավունք ունի իր շահերը շոշափող ցանկացած հարց լուծելիս ունկնդիր լինելու հարցի քննությանը և արտահայտելու սեփական կարծիքը ընտանիքում, դատական և այլ մարմիններում։

2. Տասը տարին լրացած երեխայի կարծիքը հաշվի առնելը պարտադիր է` կապված խղճի ազատության հետ, որոշակի միջոցառումներին մասնակցելու, արտադպրոցական կրթություն ստանալուց հրաժարվելու, ծնողներից որևէ մեկի հետ ապրելու, հարազատների հետ շփվելու, օրենքով նախատեսված այլ դեպքերում:

3. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում տասը տարին լրացած երեխայի վերաբերյալ խնամակալության և հոգաբարձության մարմինը կամ դատարանը կարող են որոշում ընդունել միայն նրա համաձայնությամբ։


Անուն, ազգանուն և հայրանուն ունենալու իրավունքը

Հոդված 45.

Երեխայի անուն, հայրանուն և ազգանուն ունենալու իրավունքը
1. Երեխան ունի անուն, հայրանուն և ազգանուն ունենալու իրավունք:

2. Երեխային անուն տրվում է ծնողների համաձայնությամբ, իսկ հայրանուն տրվում է հոր անունով՝ սույն օրենսգրքով նախատեսված կարգով։

3. Երեխայի ազգանունը որոշվում է ծնողների ազգանունով։ Եթե ծնողները կրում են տարբեր ազգանուններ, ապա երեխային ծնողների համաձայնությամբ տրվում է հոր կամ մոր ազգանունը։

4. Ծնողների միջև երեխայի անվան, ազգանվան վերաբերյալ համաձայնության բացակայության հետևանքով առաջացած տարաձայնությունները լուծում է խնամակալության և հոգաբարձության մարմինը։

5. Եթե երեխայի հայրությունը չի որոշվել, ապա նրան անուն է տրվում մոր ցուցումով, հայրանուն` որպես երեխայի հայր գրառված անձի անունով, ազգանուն՝ մոր ազգանունով։


Երեխայի անունը և ազգանունը փոխելը

Հոդված 46.

Երեխայի անունը և ազգանունը փոխելը

1. Մինչև երեխայի տասը տարին լրանալը նրա ծնողների համատեղ դիմումի հիման վրա քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմինները փոխում են երեխայի անունը, ինչպես նաև նրան տրված ազգանունը՝ մյուս ծնողի ազգանունով։
2. Եթե ծնողները ապրում են առանձին, և ծնողը, որի մոտ ապրում է երեխան, ցանկանում է նրան տալ իր ազգանունը, այդ հարցը լուծվում է` հաշվի առնելով մյուս ծնողի կարծիքը:
Մյուս ծնողի կարծիքը հաշվի առնելը պարտադիր չէ, եթե`
1) հնարավոր չէ պարզել նրա բնակության վայրը.
2) նա զրկված է ծնողական իրավունքներից.
3) նա դատարանի կողմից ճանաչված է անգործունակ.
4) նա, առանց հարգելի պատճառների, խուսափում է երեխային դաստիարակելուց ու պահելուց:
3. Տասը տարին լրացած երեխայի անվան փոխումը կարող է կատարվել երեխայի համաձայնությամբ, իսկ ազգանվան փոխումը` հաշվի առնելով երեխայի կարծիքը։


Երեխայի գույքային իրավունքները

Հոդված 47.

Երեխայի գույքային իրավունքները
1. Երեխան իր ծնողներից և ընտանիքի այլ անդամներից ապրուստի միջոց պահանջելու իրավունք ունի սույն օրենսգրքի 5-րդ բաժնով սահմանված կարգով ու չափերով։

2. Երեխաներին ալիմենտ վճարելու պարտավոր ծնողի պահանջով դատարանը կարող է որոշում կայացնել վճարման ենթակա ալիմենտի գումարի հիսուն տոկոսից ոչ ավելին բանկերում երեխաների անունով բացված հաշվին փոխանցելու մասին։

3. Սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը տնօրինելու երեխայի իրավունքը սահմանվում է քաղաքացիական օրենսդրությամբ:

Ծնողների կողմից երեխայի գույքը կառավարելու լիազորություններն իրականացնելիս նրանց վրա տարածվում են խնամակալի գույքի տնօրինման վերաբերյալ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված նորմերը:

4. Երեխան սեփականության իրավունք չունի ծնողների գույքի նկատմամբ, իսկ ծնողները սեփականության իրավունք չունեն երեխայի գույքի նկատմամբ։ Համատեղ ապրող երեխաներն ու ծնողները կարող են մեկը մյուսի գույքը տիրապետել և օգտագործել փոխադարձ համաձայնությամբ։

5. Ծնողների և զավակների` ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու կարգն ու պայմանները սահմանվում են քաղաքացիական օրենսդրությամբ։